Վարչապետը ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարին

Այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի գլխավորած պատվիրակության հետ։

Հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները նշել են Հայաստան-Էստոնիա բազմաոլորտ համագործակցության զարգացման կարևորությունը։ Վարչապետը նկատել է, որ վերջին շրջանում երկկողմ հարաբերությունները ունեն ինտենսիվ բնույթ, ինչի վկայությունն են նաև բարձր մակարդակի հանդիպումները, որոնք նպաստում են կապերի ընդլայնմանը տարբեր ոլորտներում։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև Էստոնիայի դերը Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման գործում, այդ թվում՝ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացմանն օգնելու տեսանկյունից։

Իր հերթին, Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան ընդգծել է Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու հարցում իր երկրի շահագրգռվածությունը։ Նա նշել է, որ Էստոնիան պատրաստ է շարունակելու օժանդակությունը Հայաստանի Հանրապետության կառավարության բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով, ինչպես նաև նպաստելու Հայաստան-ԵՄ փոխգործակցության խթանմանը։ Ցահքնան կարևորել է Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը՝ համոզմունք հայտնելով, որ այն կանցկացվի բարձր մակարդակով։

Հանդիպման ընթացքում երկու պաշտոնատար անձինք մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի, վիզաների ազատականացման գործընթացի և այլ հարցերի շուրջ։