ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացվել է ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։
Նիստի ընթացքում ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ 2025 թվականին իրականացվել է ծավալուն և համակողմանի աշխատանք։ Նա հատկապես ընդգծել է միգրացիոն ոլորտում գրանցված պատմական փոփոխությունը։ Անկախությունից ի վեր առաջին անգամ Հայաստանի քաղաքացիների միգրացիոն սալդոն դրական է եղել։ «Սա խաղաղության և բազմաթիվ ոլորտային բարեփոխումների հստակ արդյունք է, որի շնորհիվ առաջին անգամ արձանագրվում է ՀՀ քաղաքացիների ներգաղթը»,- ասել է նախարարը՝ նշելով, որ այս դրական միտումը պետք է պահպանվի և զարգացվի։
Արփինե Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ Հայաստանն այս պահին միակ երկիրն է, որի հետ Եվրոպական միությունը վիզաների ազատականացման թեմայով ակտիվ երկխոսություն է վարում։ Նրա խոսքով՝ երկխոսության մեկնարկից ի վեր Հայաստանը ռեկորդային սեղմ ժամկետում ստացել է գործողությունների ծրագիր և ներդնում է ԵՄ-ի նոր չափանիշներին համապատասխան կենսաչափագրական համակարգ։ Նախարարը նաև նշել է ՆԳՆ համակարգի հանրային ծառայությունների ոլորտում աննախադեպ ծավալի թվայնացման աշխատանքների իրականացումը։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ 2025 թվականին պարտադիր ժամկետային զինծառայության սահմանված ժամկետը 24 ամսից կրճատվել է 18 ամսի՝ 2026 թվականի հունվարի 1-ից զորակոչված քաղաքացիների համար։ Բացի այդ, ավելացվել են շարքային կազմի պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդի օրերը՝ 21-ից մինչև 30 օր, իսկ զինվորական երդման արարողությունից հետո պարտադիր ժամկետային զինծառայողներին տրամադրվելու է 2 օր արձակուրդ։ Նախարարը նաև հայտնել է, որ 2025 թվականին 2024 թվականի համեմատ պարտադիր ժամկետային ծառայության զորակոչվածների թիվն աճել է 7 տոկոսով։
Զեկույցում նշվում է, որ 2025 թվականին ռազմատեխնիկական համագործակցության ուղղությունների բազմազանեցման արդյունքում կնքված պայմանագրերով շարունակվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման և նոր նմուշների ձեռքբերման աշխատանքները։ Զինծառայողների ատեստավորման գործընթացի շրջանակում ատեստավորվել և ծառայությունը շարունակում է շուրջ 6270 զինծառայող։ Այս բարեփոխումների արդյունքում շարքային կազմի բազմաթիվ ատեստավորված զինծառայողներ ստանում են 700 հազար և ավելի, իսկ սպայական կազմի զինծառայողները՝ բարձրագույն սպայական կազմի դեպքում՝ մինչև 1,5 մլն ՀՀ դրամ վարձատրություն։
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և Պետական պահպանության ծառայության պետ Արթուր Գասպարյանը փակ ձևաչափով ներկայացրել են հաշվետու տարում իրենց ղեկավարած կառույցների իրականացրած աշխատանքները։














