Ապրիլի 17-ին Էրիթրեայի Պետությունում տեղի ունեցավ Հայաստանի դեսպանի հավատարմագրերի հանձնման արարողությունը Էրիթրեայի նախագահ Իսայաս Աֆվերկիին։
Հանդիպումը տեղի ունեցավ մայրաքաղաք Ասմարայի նախագահական նստավայրում։ Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Էրիթրեայի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանը (նստավայրը՝ ք․ Կահիրե) փոխանցել է Էրիթրեայի նախագահին Հայաստանի նախագահի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները։
Դեսպանը նաև հայտնել է Հայաստանի կառավարության պատրաստակամությունը՝ երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման և բազմոլորտ օրակարգի ձևավորման հարցում։
Ի պատասխան դեսպանի խոսքերի՝ Նախագահ Իսայաս Աֆվերկին ողջունել է Էրիթրեայի Պետությունում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանի հավատարմագրման որոշումը՝ որակելով այն որպես Հայաստանի կառավարության բարեկամական նախաձեռնություն։ Նա նշել է, որ դիվանագիտական առաքելության մեկնարկը կարևոր և նշանակալի սկիզբ է միջպետական փոխգործակցության ձևավորման և երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։














