ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի դերը և առաջնորդությունը Հայաստան-Նորդիկ-Բալթյան 8 երկրների ձևաչափի շրջանակում։
«Մենք քննարկել ենք բազմակողմ ձևաչափերով իրականացված դրական համագործակցությունը և ընդգծել դրա շարունակականության կարևորությունը։ Մասնավորապես, մենք ցանկանում ենք ընդգծել Հայաստան-Նորդիկ-Բալթյան ձևաչափով պարբերաբար տեղի ունեցող շփումների կարևորությունը։ Մենք հուսով ենք, որ Էստոնիայի առաջնորդությամբ կկարողանանք այս օրակարգը և այս ֆորմատով կատարվող շփումները առաջ մղել»,- ասաց նախարարը։
Արարատ Միրզոյանը նաև նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունների հարթությունում Էստոնիան ցուցաբերում է և՛ պատրաստակամություն, և՛ առաջնորդություն՝ լինելով Հայաստանի համար շատ հուսալի և վստահելի գործընկեր ԵՄ-ում։ «Մեր ընդհանուր համագործակցության համատեքստում առանձին տեղ և կարևորություն ունի Հայաստան-ԵՄ հարաբերությունների հարթությունը։ Այստեղ ևս պետք է նկատել, որ Էստոնիան և՛ պատրաստակամություն, և՛ առաջնորդություն է ցուցաբերել, և մենք ունենք շատ հուսալի ու վստահելի գործընկեր ԵՄ-ում՝ ի դեմս Էստոնիայի»,- ընդգծեց նա՝ հավելելով․ «Կրկին մեր երախտիքը, պարո՛ն նախարար»։














