Ավարտվում է մեկ տարի, որը Հայաստանի Հանրապետության բանակի զարգացման և բազմաշերտ բարեփոխումների ճանապարհին կարևոր քայլ էր։ 2025 թվականի ընթացքում շարունակվել է բանակի կերպափոխման համակարգված ծրագիրը՝ միաժամանակ նախաձեռնելով և կյանքի կոչելով մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք ուղղված են ամրապնդելու զինված ուժերի հիմքերը և բարձրացնելու զինծառայության արդյունավետությունը։
Մեզ հաջողվել է իրականացնել օրենսդրական նախաձեռնություններ՝ ուղղված պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետի կրճատմանը, պայմանագրային արհեստավարժ զինծառայողների թվի ավելացմանը և ծառայության պայմանների արդիականացմանը։ Այս փոփոխությունները հիմնարար են ժամանակակից, կարգապահ և արդյունավետ բանակի ձևավորման համար։
Զուգահեռաբար շարունակվել են միջոցառումները՝ պահեստազորի պատրաստվածության ամրապնդման, ռազմական կրթության զարգացման, ենթակառուցվածքների և համազգեստի փոփոխության ու արդիականացման ուղղությամբ։ Շատ մեծ ուշադրություն է դարձվել նաև սպառազինության դիվերսիֆիկացիային և տեղական ռազմարդյունաբերության զարգացմանը, ինչը նպաստում է բանակի ինքնուրույնության և պաշտպանունակության բարձրացմանը։
Մեծ թափով են ընթացել ինժեներական, ամրաշինական, զորանոցաշինության և նոր ենթակառուցվածքների ուղղությամբ տարվող աշխատանքները։
2026 թվականը դիմավորում ենք ձեռքբերումները զարգացնելու, բարեփոխումները շարունակելու և առկա խնդիրները հետևողականորեն լուծելու վճռականությամբ՝ բանակը դարձնելով առավել պաշտպանունակ, իսկ մեր հայրենիքը՝ առավել խաղաղ։
Ամանորն ու Սուրբ Ծնունդը շնորհավորում եմ բոլորիս։ Նոր տարին մեր ընտանիքներին թող բերի խաղաղություն, առողջություն, համերաշխություն ու բարեկեցություն, իսկ մեզ՝ միասնություն և նոր ուժ՝ մեր հայրենիքի անվտանգ ու խաղաղ ապագան կառուցելու համար։














