Ադրբեջանում «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը շարունակվում է արագացված տեմպերով

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը շարունակվում է արագացված տեմպերով։ Այս հայտարարությունը նա արել է Ադրբեջանի և Թուրքիայի միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին։

Վարչապետի խոսքով՝ սկզբնական փուլում 15 միլիոն տոննա թողունակությամբ կառուցվող այս երկաթուղին կդառնա «Միջին միջանցքի» (Middle Corridor) գլխավոր զարկերակը։

Ալի Ասադովը նաև նշել է, որ օգոստոսին դրվել է Կարս-Նախիջևան երկաթուղու հիմնաքարը, որը, նրա խոսքով, «Զանգեզուրի միջանցքի» անբաժանելի մասն է։ Նա ընդգծել է, որ այս նախագիծը կծառայի ոչ միայն Ադրբեջանին և Թուրքիային, այլև տարածաշրջանի այլ երկրներին։