Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը ստորագրել են 2026-2030 թվականների երկկողմ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը։
Ստորագրման արարողությանը մասնակցել են ՄԱԿ-ի գործակալությունների հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարները և ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչները։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որից հետո Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը ներկայացրել է փաստաթղթի հիմնական բովանդակությունը և համագործակցության շրջանակը։
Ըստ փաստաթղթի, երկկողմ համագործակցության զարգացման տեսանկյունից կարևորվել է նոր շրջանակի հաստատումը և դրա շրջանակներում հետագա համատեղ ծրագրերի իրականացումը։
«Մեր համագործակցության նոր շրջանակը լիովին համահունչ է ՀՀ կառավարության գերակայություններին և հնարավորություն է տալիս համատեղել զարգացման քաղաքականությունը Հայաստանի խաղաղության օրակարգի հետ։ Սա մեզ թույլ է տալիս ունենալ միասնական, համակարգված և ապագային միտված ծրագրային համագործակցություն»,-նշել է փոխվարչապետը։
Իր հերթին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը նշել է, որ փաստաթղթի ստորագրումը տեղի է ունենում Հայաստանի համար կաևոր փուլում։
«Ստորագրում ենք այս Համագործակցության շրջանակը Հայաստանի զարգացման համար կարևոր փուլում։ Այսօր կայացվող որոշումները ձևավորելու են երկրի զարգացման ուղին առաջիկա տասնամյակների համար։ Մեր ընդհանուր նպատակն է ծառայել Հայաստանի ժողովրդին՝ հատկապես նրանց, ովքեր առավել խոցելի են։ 2026 թվականը լինելու է մարդակենտրոն տարի, որը կնշանավորվի այնպիսի զարգացումներով, որոնք կարևորում են վստահությունը, ներառականությունը և սոցիալական համախմբվածությունը»,-նշել է նա։
Փաստաթուղթը նախատեսում է համագործակցության զարգացումը մի շարք ոլորտներում՝ ներառյալ տնտեսական աճը, սոցիալական զարգացումը, կառավարման բարեփոխումները և շրջակա միջավայրի պահպանությունը։














