Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկացմամբ՝ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Հայաստանում ոչ ֆորմալ զբաղվածության կանխարգելման ուղղությամբ իրականացվող ծրագրերը։
Հանդիպման ընթացքում Դավիթ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել «Հայաստանում ֆորմալ զբաղվածության խթանումը» թեմայով կազմակերպված աշխատաժողովի և ոչ ֆորմալ տնտեսության վերաբերյալ կատարված մանրամասն ուսումնասիրության համար։
ԱՄԿ-ի Գլոբալ ծրագրի տնօրեն Ֆրեդերիկ Լապեյրին ընդգծել է, որ ուսումնասիրության արդյունքները կլինեն ապագա օրենսդրական բարեփոխումների հիմքը։ Նա նշել է, որ ոչ ֆորմալ զբաղվածության ամենամեծ մասը կենտրոնացած է գյուղատնտեսության և շինարարության ոլորտներում։ Այս համատեքստում կարևորվել է նաև աշխատանքային միգրանտների իրավունքների պաշտպանության հարցը։
Հանդիպման ընթացքում Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է զբաղվածության և ժողովրդագրության ռազմավարությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար մշակվող և իրականացվող ծրագրերը՝ կարևորելով ԱՄԿ-ի անհրաժեշտ աջակցությունը և հետագա համագործակցությունը։
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ աշխատանքը։














