Հայաստան-ՄԱԿ համագործակցության նոր շրջանակային փաստաթուղթը ստորագրվեց

Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության շենքում տեղի ունեցավ արարողություն, որի ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը ստորագրեցին 2026-2030 թվականների Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը։

Ստորագրման արարողությանը ներկայացել են ՄԱԿ-ի գործակալությունների հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարները, ինչպես նաև ՀՀ պետական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնատար անձինք։

Փոխվարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով, որից հետո Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը ներկայացրել է փաստաթղթի հիմնական բովանդակությունը և համագործակցության նոր շրջանակը։

Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը վճռական է շարունակելու նշված բոլոր ուղղություններով բարեփոխումները և ուրախ է այդ ճանապարհն անցնել Հայաստանի զարգացման գործընկերների հետ միասին։

«Մեր համագործակցության նոր շրջանակը լիովին համահունչ է Կառավարության գերակայություններին և հնարավորություն է տալիս համատեղել զարգացման քաղաքականությունը Հայաստանի խաղաղության օրակարգի հետ։ Սա մեզ թույլ է տալիս ունենալ միասնական, համակարգված և ապագային միտված ծրագրային համագործակցություն»,- նշել է փոխվարչապետը։