Դեկտեմբերի 9-ին Երևանում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը և Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանությունը համատեղ կազմակերպել են միջազգային համաժողով։
Միջոցառմանը ներկայացել են Հայաստանի պաշտպանության նախարարության և այլ գերատեսչությունների, ինչպես նաև Հայաստանում գործող ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Համաժողովի բացմանը ելույթներով հանդես են եկել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը և Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը։
Համաժողովը կազմակերպվել է աուդիտի կարողությունների զարգացման և ռիսկերի կառավարման բարեփոխումների թեմայով ՀՀ պաշտպանության նախարարության և բրիտանական կողմի միջև գործող եռամյա համագործակցության ծրագրի շրջանակում։














