Հայաստանը և Գերմանիան համաձայնեցրին ավիացիոն պատահարների քննության ոլորտում համագործակցությունը

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության բաժնի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության ավիացիոն պատահարների քննության դաշնային բյուրոյի (BFU) միջև կնքվել է կարևոր փոխըմբռնման հուշագիր։

Այս փաստաթուղթը նախատեսում է երկու երկրների միջև համագործակցության ամրապնդումը՝ ուղղված քաղաքացիական ավիացիայի անվտանգության մակարդակի բարձրացմանը և ավիացիոն պատահարների կանխարգելմանը։

Գերմանական կողմը, անհրաժեշտության դեպքում և իր հնարավորությունների շրջանակներում, կտրամադրի Հայաստանին տեխնիկական աջակցություն։ Այս աջակցության շրջանակում նախատեսվում է օդանավերում գրանցված թռիչքային տվյալների և ձայնագրությունների վերլուծություն, ինչպես նաև տեխնիկական լաբորատորիայի ծառայությունների օգտագործման հնարավորություն։

Բացի այդ, կտրամադրվի մասնագիտական աջակցություն՝ կապված թռիչքային պիտանիության, աէրոնավիգացիոն ծառայությունների և աերոդրոմներին առնչվող հարցերի հետ։

Այս համագործակցությունը նպաստում է նաև Հայաստանի կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 75-րդ կետի իրականացմանը, որի նպատակն է ուժեղացնել ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի պետական մասնագիտական քննության անցկացման լիազորված մարմնի ինստիտուցիոնալ կարողությունները և համապատասխանեցնել դրանք միջազգային ստանդարտներին։