Քաղաքաշինության կոմիտեն պատրաստ է աջակցել Նազիկ Ավդալյանի սպորտի զարգացման նախագծին

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հանդիպել է ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի հետ՝ քննարկելու «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի կողմից մարզերում մարզադպրոցների հիմնման նախագիծը։

Հանդիպման ընթացքում Նազիկ Ավդալյանը ներկայացրել է իր նախագիծը, որի հիմքում ընկած է բազմաֆունկցիոնալ մարզակրթական կենտրոնի ստեղծումը։ Այս կենտրոնը, ըստ նրա, կլինի ոչ միայն մարզադպրոց, այլև միջազգային չափանիշներին համապատասխանող հարթակ, որտեղ հնարավոր կլինի անցկացնել միջազգային ուսումնամարզական հավաքներ։ Նախագիծը նախատեսում է մարզերի երեխաների ներուժի բացահայտումը և դրա արդյունավետ օգտագործումը, ինչպես նաև կնպաստի մարզերի ընդհանուր զարգացմանը։ Կենտրոնի կառուցմանը մեծ ուշադրություն է դարձվելու կանաչ տեխնոլոգիաների կիրառմանը և միջազգային սերտիֆիկացման պահանջների բավարարմանը։

Եղիազար Վարդանյանը ողջունել է նման նախաձեռնությունը՝ հատկապես ընդգծելով միջազգային չափանիշների կիրառման կարևորությունը։ Նա հայտնել է, որ Քաղաքաշինության կոմիտեն պատրաստ է ապահովել ծրագրի իրագործմանը անհրաժեշտ մասնագիտական աջակցությունը։ Կոմիտեն, որը համակարգում է ինչպես կրթական, այնպես էլ մարզական կառույցների կառուցման ծրագրերը, կտրամադրի խորհրդատվություն ծրագրի բոլոր փուլերում՝ սկսած նախնական մշակումից մինչև վերջնական իրագործումը։

Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են մարզադպրոցների հիմնման ծրագրի բոլոր կողմերը և դիտարկել են հնարավոր համագործակցության ուղղությունները։