Հաջորդ տարի Ռուսաստանը կսկսի նոր ձևաչափի համագործակցություն՝ ազգային պաշտպանական արդյունաբերության ընկերությունների և իր դաշնակիցների միջև տեխնոլոգիական գործընկերության համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է պարզեցնել ազգային պաշտպանական արդյունաբերության արտադրանքի արտահանման թույլտվությունների ընթացակարգերը՝ միաժամանակ պահպանելով կարևորագույն ռազմական տեխնոլոգիաների նկատմամբ անվերապահ վերահսկողությունը։
Բելոուսովը նաև նշել է, որ Ռուսաստանը զգալիորեն ամրապնդել է բազմակողմ համագործակցությունը ՀԱՊԿ, ԱՊՀ և ՇՀԿ անդամ պետությունների զինված ուժերի հետ։ Այս համագործակցության շրջանակում բարձրացվել է ուժերի համատեղ կիրառման և համակարգվածության մակարդակը, ինչպես նաև իրականացվել են համատեղ օդային և ծովային պարեկություններ։ Անցյալ տարում անցկացվել է 23 միջազգային զորավարժություն, որոնցից ամենամեծը «Արևմուտք-2025» համատեղ զորավարժությունն էր։
Նախարարը նշել է, որ այս աշխատանքը պետք է շարունակվի՝ հաշվի առնելով Ռուսաստանի կողմից ՀԱՊԿ-ում առաջիկա նախագահությունը։
Հիշեցնենք, որ Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) զեկույցի համաձայն՝ ռուսական զենքի արտահանումը վերջին հինգ տարիների ընթացքում նվազել է 64%-ով։ Այս անկումը պայմանավորված է Հնդկաստանից և Չինաստանից զենքի գնման հարաբերական անկմամբ։














