Դեկտեմբերի 15-16-ը Փարիզում տեղի ունեցած երկկողմ ռազմավարական պաշտպանական խորհրդակցությունների շրջանակում ամփոփվել են համագործակցության ընթացքում 2025 թվականին իրականացված աշխատանքները, և նախանշվել են հաջորդ տարվա ծրագրերը։
ՀՀ Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության Միջազգային հարաբերությունների և ռազմավարության տնօրինության նորանշանակ ղեկավար Գիյոմ Օլանիեի հետ։ Այնուհետև, պատվիրակությունների կազմով քննարկումներ են տեղի ունեցել տնօրինության ղեկավարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էրիկ Պատիեի հետ։
Խորհրդակցությունների արդյունքում կողմերը ստորագրել են Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը։ Այս ծրագիրը ընդգրկում է մի քանի տասնյակ միջոցառումներ Զինված ուժերի կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում։
Կողմերը նաև ընդգծել են երկկողմ համագործակցությանը ռազմավարական բովանդակություն և ինստիտուցիոնալ բնույթ հաղորդելու կարևորությունը։ Որոշում է կայացվել հաջորդ ռազմավարական պաշտպանական խորհրդակցությունները անցկացնել Երևանում։














