ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը դեկտեմբերի 17-ին հանդիպել է Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստի հետ։
Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Դավիթ Առաքելյանը շնորհավորել է Եվա Սունդքվիստին մեր երկրում իր դիվանագիտական առաքելության սկիզբը։ Նա նշել է, որ Շվեդիան Հայաստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է, և Հայաստանը բարեկամ Շվեդիայի հետ քաղաքական երկխոսության շարունակական ընդլայնումն առավելագույնս կարևորում է։ ԱԺ աշխատակազմի ղեկավարը նաև արձանագրել է, որ վերջին տարիներին հայ-շվեդական հարաբերությունները նկատելիորեն զարգացել են։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել 2024-2026 թվականների ժողովրդավարական զարգացման համագործակցությանը, որը ՀՀ Ազգային ժողովի և Շվեդիայի Ռիկսդագի միջև կնքված է։ Դավիթ Առաքելյանը երախտագիտություն է հայտնել շվեդական կողմին այդ նախաձեռնության համար։ Նա նաև բարձր է գնահատել ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագիրը, որը, իր խոսքով, մեծապես նպաստում է խորհրդարանի աշխատանքն ավելի թափանցիկ, արդյունավետ և հաշվետու դարձնելու ջանքերին։ ԱԺ աշխատակազմի ղեկավարը հավելել է, որ ծրագրի շնորհիվ խորացել է կապը Շվեդիայի Ռիկսդագի հետազոտական կենտրոնի հետ։
Անդրադարձ է եղել նաև «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» 2.0 ծրագրի աջակցությամբ մշակված ԱԺ ռազմավարությանը, ինչպես նաև «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնությանը, որը կարևոր է անվտանգության, տնտեսական և բնապահպանական տեսանկյունից։
Հանդիպման ավարտին Դավիթ Առաքելյանը և Եվա Սունդքվիստը քննարկել են 2026 թվականին Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի անցկացման հնարավորությունները։
Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը։














