Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը շարունակում է իր հանձնառությունը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրականացմանը։
Ըստ խոսնակի՝ այս նախագիծը մնում է ԱՄՆ-ի առաջնահերթություններից մեկը, քանի որ այն ունի Հարավային Կովկասում և դրանից դուրս խաղաղությունն ու բարեկեցությունը խթանելու զգալի ներուժ։
TRIPP նախագիծը նախատեսում է ստեղծել բազմամոդալ տրանսպորտային հանգույց, որը կապահովի Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապ՝ միաժամանակ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու իրավազորությունը։ Այս կերպ կապահովվի նաև Հայաստանի համար փոխադարձ օգուտներ։
«Այս նախագիծը կապահովի տարածաշրջանում միջազգային և ներպետական անխոչընդոտ փոխկապակցվածություն՝ ընդլայնելով տնտեսական աճի և բարեկեցության բարձրացման հնարավորությունները»,- նշել է խոսնակը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը կստանա կապ Նախիջևանի հետ, մինչդեռ Հայաստանը կշահի տարածաշրջանային կապերի բարելավումից, ինչը կբացի Հարավային Կովկասի տնտեսական ներուժը։
Հայաստանը համագործակցում է Միացյալ Նահանգների և փոխադարձ համաձայնությամբ ընտրված երրորդ կողմերի հետ՝ TRIPP նախաձեռնության իրականացման ուղղությամբ։
ԱՄՆ-ի կողմից նախաձեռնությանը աջակցելու նպատակով ստանձնվել է 145 միլիոն դոլարի նախնական պարտավորություն, որը կնպաստի տարածաշրջանային կայունությանն ու տնտեսական աճին։ Այս միջոցները կօգնեն ֆինանսավորել Հայաստանում առևտրի, ենթակառուցվածքների և սահմանային անվտանգության ոլորտներում ներդրումները։
Պետդեպարտամենտի խոսնակը հիշեցրել է, որ 2026 թվականի հունվարի 13-ին Միացյալ Նահանգները և Հայաստանը համատեղ հայտարարություն են կատարել՝ TRIPP-ի իրականացման շրջանակի հրապարակման կապակցությամբ։














