Հայաստանը և Նիդերլանդները քննարկել են տարածաշրջանում տնտեսական փոխգործակցության հնարավորությունները

Դեկտեմբերի 11-ին Երևանում տեղի ունեցան Հայաստանի և Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Նիդերլանդների ԱԳ նախարարության քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Մարսել Դե Վինկը հանդիպման ընթացքում գոհունակությամբ նշել են երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակը և քաղաքական երկխոսության դինամիկան։

Կողմերը մանրամասն քննարկեցին Հայաստան-Նիդերլանդներ Ռազմավարական գործընկերության հռչակագրում ամրագրված ոլորտներում առաջիկա աշխատանքները։ Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում փոխգործակցության հարցերին։

Զրուցակիցները քննարկեցին նաև Հայաստան-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերը՝ ընդգծելով այդ համատեքստում երկկողմ համագործակցության խորացման կարևորությունը։

Վահան Կոստանյանը ներկայացրեց ընթացիկ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքներով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում տարածաշրջանում և դրանից անդին տնտեսական փոխգործակցության զարգացման նոր հնարավորությունները։