Արագ արձագանքում և աջակցություն կովիդի դեմ պայքարին

Հայաստանում կորոնավիրուսի պատճառով առաջացած իրավիճակի արագ արձագանքման և աջակցության նպատակով ազգային բարերար Սամվել Կարապետյանն ու Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ և դոլարներ են տրամադրել։

Նախ, 100 միլիոն դրամի միջոցներից կեսը՝ 50 միլիոն դրամը, ուղղվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին՝ բժշկական անձնակազմի խրախուսման և ժամանակակից սարքավորումներով վերազինման համար։ Մյուս կեսը՝ 50 միլիոն դրամը, փոխանցվել է կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին՝ համաճարակի հաղթահարմանն ուղղված միջոցառումների իրականացմանը աջակցելու համար։

Բացի այդ, Սամվել Կարապետյանը Շտապ բուժօգնության ծառայության աշխատակիցներին ֆինանսական աջակցություն է ցուցաբերել՝ տրամադրելով 300,000 դոլար։ 100,000 դոլար էլ ուղղվել է կովիդի դեմ պայքարի և Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան վերադարձող իրենց քաղաքացիների տարհանման ծրագրին։

Այս խոշորածավալ դրամական օգնությանը զուգահեռ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ համատեղ, «Տաշիր» հիմնադրամը երկրի համար այդ ծանր օրերին անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերել նաև այլ ոլորտներում։ Համապատասխան ախտահանիչ միջոցներ և խնամքի պարագաներ են տրամադրվել Հայաստանում գործող տարեցների խնամքի կենտրոններին, Էջմիածնի քաղաքապետարանին և ՀՀ պաշտպանության նախարարությանը։

Աջակցություն է ստացել նաև գյուղատնտեսական ոլորտը։ Գյուղական համայնքներին տրամադրվել են սերմնացուի, պարարտանյութի և անհրաժեշտ տեխնիկական միջոցների տեսքով օգնություն՝ աջակցելով ագրարային տնտեսությանը։