Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի առթիվ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշվում է․
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի առիթով։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է Հայաստանի և Իրանի միջև ձևավորված ռազմավարական հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը։ Համոզված եմ, որ Ձեր աջակցությամբ մեր երկրները կխորացնեն բազմոլորտ փոխգործակցությունը՝ կյանքի կոչելով ռազմավարական նշանակություն ունեցող նոր նախաձեռնություններ, որոնք կնպաստեն նաև տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը։ Լիահույս եմ, որ մեր երկու երկրների միջև ձևավորված բարեկամական կապերն էլ ավելի կամրապնդվեն՝ ի բարօրություն Հայաստանի և Իրանի ժողովուրդների։ Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ հաջողություն և քաջառողջություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն»։
Իրանի նախագահին ուղղված ուղերձում նշվում է․
«Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի առիթով։ Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունները խարսխված են փոխադարձ հարգանքի, անկեղծության և փոխվստահության վրա։ Ջերմությամբ եմ հիշում նախորդ տարի Երևան կատարած Ձեր այցը, որի ընթացքում քննարկեցինք Հայաստան-Իրան բազմոլորտ օրակարգը և տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև վերստին ընդգծեցինք մեր երկրների հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու հանձնառությունը։ Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ առողջություն, իսկ բարեկամ և հարևան Իրանի ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»։














