ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը «Արփինե Կարապետյան» անհատ ձեռնարկատիրոջ հետ 1 մլրդ 241 մլն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել։
Պայմանագրի համաձայն՝ «Արփինե Կարապետյան» ԱՁ-ն պետք է ապահովի ՀՀ ԱՆ քրեակատարողական 9 հիմնարկներում՝ «Արմավիր», «Նուբարաշեն», «Աբովյան», «Գորիս», «Վարդաաշեն», «Երևան-Կենտրոն», «Սևան», «Արթիկ» և «Վանաձոր» Քրեակատարողական Հիմնարկներում (ՔԿՀ) պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների համար պատրաստի սննդի մատուցման ծառայություններ։ Այս ծառայությունը ներառում է սննդամթերքի ձեռքբերում, սննդի պատրաստում և հատուցում՝ մասնագիտացված խոհարարների կողմից։
Կատարողը պարտավոր է ապահովել անհրաժեշտ քանակի սննդամթերքի պահեստավորում, պահպանում և առաքում բոլոր հիմնարկներ։ Ըստ պայմանագրի՝ ՀՀ ԱՆ թիվ 5 քրեակատարողական հիմնարկի կողմից կարող են անհատույց տրամադրվել տարածքներ, որտեղ կազմակերպությունը կարող է կազմակերպել սննդի պատրաստման աշխատանքները։
Սննդի տրամադրումն իրականացվում է նախօրոք երկկողմանի հաստատված ճաշացանկի համաձայն։ Պայմանագրի պայմաններով՝ նախաճաշը հանձնվում է 07:30-ին, ճաշը՝ 12:30-ին, իսկ ընթրիքը՝ 17:30-ին։
Կատարողը պարտավոր է սպասարկել 3000 մարդու, որոնց մեկ օրվա ուտելիքի արժեքը կազմում է 1113 դրամ։










