ՔՊ-ի ներքին ընտրությունները վերածվել են լարված գործընթացների

Իմ տեղեկությունների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ներքին ընտրական գործընթացները վերածվել են բարդ և լարված իրադարձությունների շարքի, որի կենտրոնում է Նիկոլ Փաշինյանը։

Ըստ իմ աղբյուրների՝ ՔՊ վարչության գրեթե ամեն նիստի ժամանակ կամ նախաձեռնող նիստերին Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ-ի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակի հետ կապված նոր առաջարկ։ ՔՊ-ականները, բնականաբար, համաձայնվում են՝ ելք չունեն։

Իշխանական շրջանակներում նշում են, որ Փաշինյանն այնպես է իրավիճակը լարել, որ ոչ մի ՔՊ-ական պատկերացում չունի, թե իրեն հունիսի 7-ից հետո ինչ ապագա է սպասվում։

Հիմա էլ նոր քվեաթերթիկի տարբերակ են որոշում ՔՊ-ականները, որով, ըստ Փաշինյանի, պետք է թափանցիկ ընտրություններ կազմակերպեն կուսակցության ներսում։

ՔՊ-ականները բողոքում են նաև ֆեյսբուքյան տարբերակով քարոզարշավ անելու գաղափարից, որը, նրանց կարծիքով, որևէ ձևով իրենց չի օգնելու ընտրվել։

Հիշեցնենք, որ որոշվել է՝ այն անձինք, որոնք ընդգրկված են ՔՊ-ի նախնական՝ 280 հոգանոց ցուցակում, այս օրերին պարտավորվել են իրենց սոցիալական հարթակներում իրականացնել ակտիվ քարոզչություն։ Ըստ հանձնարարականի՝ ցուցակի հավակնորդներին պետք է հրապարակային ձևաչափով ներկայացնեն իրենց քաղաքական նպատակները, հիմնավորեն պատգամավոր դառնալու ցանկությունը և խոսեն իշխանության ներսում իրենց պատկերացվող դերի մասին։ Այս գործընթացը պետք է ավարտվի մինչև փետրվարի 12-ը։

Այնուհետև ՔՊ-ի 1000 պատվիրակները նախնական ցուցակից կընտրեն «թոփ» 50 թեկնածուներին։ Վերջիններս արդեն կուղարկվեն հաջորդ փուլ՝ մարզային և ներհամայնքային քարոզչության, որի արդյունքներով էլ վերջնականապես կձևավորվեն ցուցակի առաջին 50 տեղերը։