Չարենցավանում կայացած հերթական պատարագին, որտեղ ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ զրույցի ընթացքում Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Վրեժ Դուրգարյանը մանրամասն պատասխանեց մի քանի կարևոր հարցերի։
Հարցին՝ թե ինչու է նա հաճախ մասնակցում վարչապետի կազմակերպած պատարագներին, Վրեժ Դուրգարյանը պարզաբանեց․ «Աստծուն շատ եմ հավատում, դրա համար»։ Նա նաև մեկնաբանեց լրագրողի այլ հարցումը, թե արդյոք նրանք միայն այն եկեղեցիներն են այցելում, որտեղ Փաշինյանն է լինում։ «Դուք էիք հայտարարել, որ պատարագը ստեղ է լինելու, մենք էլ եկել ենք»,- նշեց նա։
Պաշտոնի ակնկալիքի վերաբերյալ հարցին Վրեժ Դուրգարյանի պատասխանը կտրուկ էր․ «Երբեք։ Ինձ պետք չէ ոչ մի պաշտոն։ Ես այն, ինչ անում եմ մեր ազգի ու մշակույթի համար, հերիք է»։
Զրույցի ընթացքում անդրադառնալով նաև Մայր Աթոռի բակում տեղի ունեցած միջադեպին, երբ նա բարձրացել էր շիրիմների վրա, փոխտնօրենը բացատրեց իր գործողությունները։ «Լիքը եկեղեցիներ կան, որ հենց դիմացն է շիրիմը, և հենց վրայով պետք է անցնես։ Երբ որ ինձ ասացին շիրիմից իջի, ես իջա, եկեղեցականը մոտ 15–20 րոպե մնաց շիրիմի վրա»,- ասաց նա՝ հակադրելով իր վարքագիծը մի այլ եկեղեցականի։
Վրեժ Դուրգարյանը նաև հերքեց այն պնդումը, թե այդ օրը նա խմած էր եղել։ «Այդ նույն եկեղեցականը, որ սուտ ասեց, թե խմած եմ, կանեփի հոտ էր գալիս, նայեք՝ քթերներն էր քաշում։ Այդ եկեղեցականը Աստվածաշնչից ու խունկի հոտից էն կողմ բան չպիտի իմանա։ Եկեղեցականները նման բաներ չպիտի իմանան»,- նշեց նա՝ հակադրելով իր մտածելակերպը և գիտելիքները եկեղեցականի հետ։














