Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկային

Այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկայի հետ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մանրամասն քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության և համագործակցության զարգացման հնարավորությունները։

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությանը՝ որպես տարածաշրջանում անվտանգության և կայունության խթանման հզոր գործիք։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի հետ գործընկերությունը և շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ նախորդ օրերին ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին ընդունելու և արդյունավետ զրույցի կազմակերպելու համար։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված վաշինգտոնյան հռչակագրին և դրան հաջորդած իրադարձություններին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակմանն ուղղված քայլերի շուրջ, մասնավորապես՝ TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի իրականացման հնարավորությունների վերաբերյալ։

Բացի այդ, զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։