Ուկրաինան պատրաստվում է հակամարտության երկու հիմնական սցենարի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ երկրի իշխանությունները հաշվարկում են հակամարտության զարգացման երկու հնարավոր սցենար՝ Ռուսաստանի հետ դիմակայության համատեքստում։

Ըստ նախագահի՝ առաջին սցենարը ենթադրում է դիվանագիտական ջանքերի ուժեղացում՝ հակամարտության կարգավորման նպատակով։ Ներկայումս ուկրաինական կողմը հակված է հենց այս ուղուն՝ ակնկալելով Եվրոպական միության և արևմտյան գործընկերների ճնշման արդյունավետությունը Ռուսաստանի նկատմամբ։

Միևնույն ժամանակ, Վլադիմիր Զելենսկին չի բացառել նաև երկրորդ սցենարը, որի դեպքում Ուկրաինան ստիպված կլինի շարունակել ակտիվ պաշտպանությունը։ Այդ տարբերակը կգործի, եթե Արևմուտքի ճնշումը Ռուսաստանի վրա բավարար չլինի։

Նախագահը հավելել է, որ Ուկրաինան պատրաստ է իրադարձությունների զարգացման ցանկացած ընթացքի։ Նա նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ համաձայնեցված խաղաղության պլանը գրեթե պատրաստ է, սակայն տարածքային հարցը և Դոնբասից ուկրաինական զորքերի դուրսբերման պահանջը շարունակում են մնալ հիմնական խոչընդոտները։