Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատվիրակությունը հանդիպել է Արցախի ԱԺ նախագահի հետ

Փետրվարի 4-ին Հայաստանի Հանրապետությունում, Արցախի մշտական ներկայացուցչական շենքում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամներ Էրիխ Ֆոնտոբելը և Շտեֆան Մյուլլեր Ալտեմատը, ինչպես նաև «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» (CSI) իրավապաշտպան կազմակերպության նախագահ Ջոն Այբնը։

Հայկական կողմից հանդիպմանը ներկայացված էին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը, ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը, ԱԺ խմբակցությունների ղեկավարները, ինչպես նաև Արցախի ՄԻՊ-ը և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախմբի ներկայացուցիչը։

Հանդիպման ընթացքում Աշոտ Դանիելյանը Էրիխ Ֆոնտոբելին պարգևատրել է Արցախի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալով, իսկ Շտեֆան Մյուլեր Ալտեմատին և Ջոն Այբներին՝ համապատասխան շնորհակալագրեր։

Աշոտ Դանիելյանը ներկայացրել է Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման համար իրականացվող աշխատանքների քաղաքական ուղղվածությունը, ինչպես նաև անդրադարձել է ժողովրդի սոցիալական և հոգեբանական ընդհանուր իրավիճակին։

Իր հերթին Շվեյցարիայի պատվիրակության անդամները ներկայացրել են Շվեյցարիայի երկու խորհրդարանական պալատների կողմից 2025 թվականին ընդունված «Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության ֆորում․ հայերի վերադարձի հնարավորության ապահովում» բանաձևի կատարման ընթացքը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Հանդիպման վերջում մասնակիցները տեսակետներ են փոխանակել երկուստեք համագործակցության և հետագա ծրագրերի իրականացման ուղղությամբ նախատեսվող քայլերի մասին։