Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պաշտպանության նախարարության վարչական համալիրում ընդունել է Միացյալ Թագավորության պաշտպանության գծով պետական նախարար, լորդ Վերնոն Ռոդնի Քոքերին, ինչպես նաև Հայաստանում բրիտանական առաջին ռեզիդենտ պաշտպանական կցորդ, մայոր Թոմաս Շորլանդ Բոլին:
Հանդիպմանը, որին մասնակցում էին նաև Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանն ու Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը, քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն երկկողմ համագործակցության հարցերը՝ հատկապես պաշտպանության ոլորտում:
Կողմերը դրական են գնահատել երկու երկրների միջև համագործակցության ընթացիկ մակարդակը և հայտնել են պատրաստակամություն այն զարգացնելու համար: Ընդգծվել է Հայաստանում և Միացյալ Թագավորությունում ռեզիդենտ պաշտպանական կցորդների նշանակման կարևորությունը՝ որպես քայլ, որը կնպաստի երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հետագա ընդլայնմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:














