ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որի համաձայն «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները կվերապահվեն ԿԳՄՍ նախարարությանը։
Այս քայլը կատարվում է այն պայմաններում, երբ կինոոլորտի զարգացման և բարեփոխման ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, ինչպես նաև վերջին տարիներին կինոոլորտում միջազգային համագործակցության ակնհայտ աճը, պահանջում են կինոարդյունաբերության ոլորտի կառավարման մոտեցման փոփոխություն։
Հիշեցնենք, որ 2015 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիան տեղափոխվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության ներքո։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գրեթե մեկ տասնամյակ այս կինոարդյունաբերական բազմաֆունկցիոնալ կառույցը գործում է անկման իրավիճակում։
Ժամանակակից աշխարհում ֆիլմարտադրությունը դիտարկվում է որպես ռազմավարական ոլորտ՝ տնտեսության զարգացման, արտահանման ընդլայնման, նոր տեխնոլոգիաների ներգրավման և միջազգային համագործակցության խթանման գործիք։ Այս մոտեցումը հաջողությամբ է իրականացվում մի շարք երկրներում, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Կանադան, Հարավային Կորեան և Նոր Զելանդիան։ Այդ երկրներում ֆիլմարտադրությունը զարգացնում են որպես արժեշղթա՝ բարձրացնելով արտահանվող ծառայությունների տեսակարար կշիռը, ամրապնդելով տեղական կրթական համակարգը և ստեղծելով հազարավոր բարձր վարձատրվող աշխատատեղեր։
Հայաստանի համար նման քաղաքականության որդեգրումը նպատակ ունի ձևավորել համալիր կինոարդյունաբերական համակարգ, խթանել տեղական ստեղծարար ներուժի զարգացումը, արտադրական ենթակառուցվածքների արդիականացումը և միջազգային շուկաների ակտիվ ներգրավումը՝ դրանով իսկ խթանելով երկրի տնտեսական բազմակողմանի դիվերսիֆիկացումը։
Այս նպատակը կիրականացվի «Հայֆիլմի» վերագործարկման ծրագրի միջոցով, որը կգործի որպես ռազմավարության և քաղաքականության իրականացման հիմնական գործիք՝ կենտրոնացված կինոարդյունաբերական քաղաքի ձևավորման համար։ Այս համալիրը կներառի ֆիլմարտադրության, հետարտադրության, մասնագիտական կրթության և կինոժառանգության պահպանության ծառայություններ՝ միավորելով ստեղծարար ներուժի զարգացումն ու ենթակառուցվածքային հզորացումը։
Նախագծի համաձայն՝ իրավական ակտի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների կամ ծախսերի էական փոփոխություն տեղի չի ունենա։










