ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 17-ին հանդիպել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանի հետ։
Հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանը շնորհավորել է Անդրեա Բաումանին պարտականությունների ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն և արդյունավետ գործունեություն Հայաստանի և Շվեյցարիայի միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդման գործում։
Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները տնտեսության ոլորտում։ Ընդգծվել է արտոնյալ առևտրային ռեժիմի (GSP) կիրառման դրական ազդեցությունը, որը, ըստ նախարարի, էականորեն նպաստել է հայկական արտադրանքի մրցունակության բարձրացմանը և երկկողմ առևտրի զարգացմանը։
Քննարկվել են նաև ներդրումային, ագրոպարենային և անասնաբուծության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Նախարարը կարևորել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը, որը նպաստում է տարածաշրջանային կայունությանն ու տնտեսական կապերի խորացմանը։ Նա նաև անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկն» և TRIPP նախաձեռնության իրականացմանը՝ որպես այդ ծրագրերի կարևորագույն բաղադրիչ։














