ՀՀ Ազգային Ժողովում քննարկվել են մի քանի օրենսդրական փաթեթներ

ՀՀ Ազգային Ժողովի դեկտեմբերի 17-ի նիստում քննարկվել են մի քանի օրենսդրական փաթեթներ, որոնք նախորդ նիստերին առաջին ընթերցմամբ ընդունվել էին։

Առաջինում «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու եւ կից օրենսդրական փաթեթի վերաբերյալ քննարկումների ընթացքում առաջարկներ չեն ներկայացվել։ Նույնը վերաբերում է նաեւ «Կատարողական վարույթի մասին» օրենքում եւ կից ներկայացված օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթին։

«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի շրջանակում առաջարկվել է ենթաօրենսդրական ակտերի ընդունման ժամկետը կապել օրենքի ընդունման հետ։ Այս նախաձեռնության նպատակն է ապահովել գործընթացի արագ իրականացումը։

ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը ներկայացրել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նա պարզաբանել է, որ փաթեթը չի տարածվում 2022 թվականից հետո կառուցված ինքնակամ շինությունների վրա։ Կառավարությունը կունենա լիազորություն սահմանելու հանրային սեփականություն հանդիսացող պետական եւ համայնքային գույքերի ցանկը, որոնք հետագայում կարող են օրինականացման ենթակա լինել։

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը տեղեկացրել է, որ «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու եւ կից ներկայացված օրենքների նախագծերի առաջին ընթերցումից հետո օրենսդրության որոշակիացմանը միտված փոփոխություններ են կատարվել։ Դրանց համաձայն՝ ՆԳ նախարարը լիազորվել է գրասենյակում նշանակելու եւ ոստիկանության ծառայողների համազգեստի նկարագիրը սահմանելու իրավասությամբ։

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը ներկայացրել է «Կրիպտոակտիվների մասին» եւ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքներում նոր կարգավորումներ առաջարկող օրենսդրական փաթեթը։ Ըստ նրա՝ 2026 թվականի հունվարի 1-ից նախատեսվում էր, որ կրիպտոակտիվներով բոլոր գործառնությունները պետք է լինեին անկանխիկ։ Փոփոխությունների արդյունքում առաջարկվում է սահմանել երկու տարվա ժամանակահատված՝ 2026 եւ 2027 թվականների համար, որ 300.000 դրամը չգերազանցող գործարքներն իրականացվեն կանխիկ եղանակով։ Խաչատրյանը նշել է, որ 2026 թվականի ընթացքում տեղի կունենա լիցենզավորման գործընթաց, իսկ 2027 թվականին լիցենզավորված ընկերությունները կսկսեն գործունեություն իրականացնել։ Նա հավելել է, որ 300.000 դրամը չգերազանցող գործարքներն անպայման պետք է նույնականացված լինեն։

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը նշել է, որ ոլորտը նոր է մեր երկրի համար, եւ կարգավորումները կարող են փոփոխության ենթարկվել։ Նա նաեւ հայտնել է, որ հարցի առնչությամբ քննարկումներ են եղել եւ միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու հարցով Կառավարությանը դիմելու առաջարկ է հնչել։

ԱԺ գլխադասային հանձնաժողովները քննարկված հարցերի առնչությամբ դրական եզրակացություն էին ներկայացրել։ Պատգամավորները քվեարկել են բոլոր քննարկված հարցերը։