Դեկտեմբերի 19-ին ես, որպես Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ, տեսակապի միջոցով մասնակցել եմ Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նիստին։
Իմ ելույթում ընդգծեցի ՍԾՏՀ-ի կարևոր դերը տարածաշրջանում երկխոսության խթանման և ոլորտային լավագույն փորձի փոխանակման համար։ Վերահաստատեցի Հայաստանի կառուցողական ներգրավվածությունը Կազմակերպության աշխատանքներին։
Այս համատեքստում նշեցի, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել համագործակցության խթանումը՝ որպես մաքսային և զբոսաշրջության, ինչպես նաև մշակութային հարցերով աշխատանքային խմբերի համակարգող։
Դրական գնահատական տվեցի անդամ պետությունների կողմից ՍԾՏՀԿ գործող ընթացակարգերի բարեփոխման վերաբերյալ Հայաստանի կողմից ներկայացված առաջարկներին աջակցությունը։
Ելույթում անդրադարձ է կատարվել նաև Կազմակերպության վերջին կիսամյակի ձեռքբերումներին, այդ թվում՝ Տնտեսական օրակարգի իրականացման վերաբերյալ զեկույցի կազմմանը, 2026թ. բյուջեի ընդունմանը և Ծրագրերի զարգացման հիմնադրամի վերագործարկմանը։
Անդրադառնալով տարածաշրջանում համագործակցությանն ու փոխկապակցվածությանն ուղղված Հայաստանի օրակարգին՝ ընդգծեցի տարածաշրջանային անվտանգության և տնտեսական բարգավաճման համատեքստում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման և «ԹՐԻՓՓ ուղու» իրագործման կենսական նշանակությունը։














