Դեկտեմբերի 18-ին Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական խորհրդակցություն։
Խորհրդակցությունը վարել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային հարաբերությունների տնօրինության տնօրեն, բրիգադի գեներալ Խրիստոս Սպիրոպուլոսը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2025 թվականին իրականացված աշխատանքները և 2026 թվականի ծրագրերը։ Նշվել է, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկու երկրների միջև համագործակցությունը բարձրացել է որակական նոր մակարդակի՝ ոչ միայն քանակական, այլև բովանդակային առումով։ Այսօրվա դրությամբ այն ունի համալիր բնույթ և ընդգրկում է մի շարք նոր ուղղություններ, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։
Խորհրդակցության ընթացքում Լևոն Այվազյանը ներկայացրել է Հայաստանի զինված ուժերի կերպափոխման ընթացքը։ Զրուցակիցները նաև անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։
Խորհրդակցությունների ավարտին կողմերը ստորագրել են Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի քանի տասնյակ միջոցառումներ՝ նախատեսված Հայաստանում և Հունաստանում։














