Ինչպես հայտնի է, Ռուսաստանի ԱԳ նախարարության փոխնախարար Միխայիլ Գալուզինը հարցազրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստանի և Եվրամիության միջև ռազմավարական գործընկերության հարցին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը բացահայտ և անկեղծորեն տեղեկացնում է իր հայ գործընկերներին այն հնարավոր հետևանքների մասին, որոնք կարող է ունենալ իրավական շրջանակի նմանատիպ ներդաշնակեցումը ԵՄ-ի հետ։
Գալուզինը նշել է, որ ցանկացած երկրի իրավունքն է պահպանել հարաբերություններ ցանկացած այլ երկրի կամ միավորման հետ, սակայն համագործակցությունը և ինտեգրացիան երկու տարբեր հասկացություններ են։ Նրա կարծիքով՝ Հայաստանի և Եվրամիության միջև ռազմավարական գործընկերության նոր օրակարգում տեղի ունեցող գործընթացները հենց ինտեգրացիայի են, որը ներառում է Հայաստանի իրավական շրջանակի ներդաշնակեցումը ԵՄ-ի չափանիշներին՝ քաղաքականության, անվտանգության, տնտեսության, էներգետիկայի և շրջակա միջավայրի ոլորտներում։
Ռուսաստանի պաշտոնյան ընդգծել է, որ նման իրավական շրջանակի ներդաշնակեցումը անխուսափելիորեն կհակասի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) համապատասխան նորմերին, որի անդամ է նաև Հայաստանը։ Նա նաև հստակեցրել է, որ Ռուսաստանը ուշադիր հետևում է Հայաստանի կողմից ԵՄ նորմերին համապատասխանելու քաղաքականության և ԵԱՏՄ կանոնակարգերի միջև հնարավոր հակասություններին։
Հարցազրույցի ընթացքում անդրադառնալով Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններին՝ Գալուզինը հստակորեն հայտարարել է, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ բոլոր իրավունքներով և պարտականություններով։ Նրա խոսքով՝ կազմակերպության շրջանակներում կայացված բոլոր որոշումներից Հայաստանը տեղեկացված է, և Ռուսաստանը ակտիվորեն պաշտպանում է Հայաստանի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին՝ որպես իր անվտանգության հուսալի երաշխիք։














