Հայաստանը կմտնի Խաղաղության խորհրդին՝ առանց անդամավճարի։ Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը՝ արձագանքելով հրապարակային քննարկումներին, որոնք վերաբերում էին խորհրդին անդամակցելու համար 1 միլիարդ դոլարի չափով անդամավճարի պահանջին։
Ըստ նրա՝ Խաղաղության խորհրդի կանոնադրությունը նախատեսում է անդամակցություն՝ ֆինանսական հատկացումների կամավոր սկզբունքով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հրավեր ստացած երկիրը կարող է անդամակցել խորհրդին՝ առանց հստակ սահմանված անդամավճարի՝ մինչև երեք տարի ժամկետով։ Այդ ժամկետը լրանալուց հետո անդամակցության պայմանները ենթակա են վերանայման։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդին անդամակցությանն այս հիմունքներով։
Քարտուղարը նաև նշել է, որ վկայակոչվող անդամավճարը կամավոր է և վերաբերելի է կազմակերպությանը՝ դրա կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում, եթե որևէ երկիր ցանկություն հայտարարի մշտական անդամակցության մասին։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-ին Դավոսում ստորագրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը՝ ստանալով այդ հրավերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից։














