Լոնդոնում հանդիպում են եղել ՀՀ ԱԽ քարտուղարը և Միացյալ Թագավորության պետնախարարը

Դեկտեմբերի 18-ին Լոնդոնում Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութիի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Զրուցակիցները վերահաստատել են տնտեսական համագործակցության շարունակական խորացման կարևորությունը՝ ընդգծելով մտադրությունը խորացնել գործարար կապերը և խթանել տնտեսական աճը փոխգործակցության միջոցով։

Այնուհետև զրուցակիցները անդրադարձել են միջմարդկային շփումների աճին՝ ընդգծելով մասնագիտական փոխանակումների, կրթության և մշակույթի ոլորտներում հետագա համագործակցության կարևորությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը նաև վերահաստատել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացման կարևորությունը՝ որպես տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման խթանման միանշանակ պայման։