Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ քաղաքացիներ,
Անկախությունից ի վեր առաջին անգամ 2025 թվականը դարձավ այն տարին, որի ընթացքում Հայաստան–Ադրբեջան սահմանին հրաձգության հետևանքով մենք ոչ զոհ ենք ունեցել, ոչ վիրավոր։ Սա պատահական բերում չէ, այլ 2021 թվականի արտահերթ ընտրություններում ընտրված կառավարությանն ու խորհրդարանական մեծամասնությանն իրականացված ռազմավարության հստակ արդյունք։
Այդ ռազմավարությունը արտահայտված է Իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ, որը կապված է մեր պատմությունն ընթերցելու, նրանում անթեղված ուղերձները փնտրելու և այդ ուղերձներն իրական կյանքի կիրառելի գիտելիք դարձնելու մեր նորահայտ գործելակերպի հետ։ Մեր նպատակն ի վերջո հաղթահարելն էր նահատակ ժողովրդի մեզ արտապատվիրակված դերակատարումը։ Մենք գնացել ենք մեր պետության հարատևության և շահի հետևից։ Մենք տեսանք ակնհայտը, որ մեր ինքնությունը մեր պետությունն է։ Մենք ուժեղացնում ենք մեր պետությունը, հետևաբար մենք ուժեղացնում ենք մեր ազգային ինքնությունը։ Մեր քաղաքականությունները մեր պատմությանն ի վերջո ականջալուր լինելու արդյունք են, որը մեզ ասում է․ «Մի կրկնեք, հերիք է կրկնեք ինձ»։
2021 թվականին մենք ասում էինք «Ապագա կա՛», այսօր ասում ենք՝ ապագան այսօր է և այսօր մենք ապրում ենք այն ապագայի մեջ, որի համար դուք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներդ, քվեարկել եք 2021 թվականին։ 2025 թվականն այդ խաղաղ ապագայի, խաղաղության առաջին լիարժեք օրացուցային տարին է։
Մենք ոչ միայն ձևակերպեցինք Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, այլև Հայաստանի Հանրապետությունը դարձրեցինք իրական պետություն, որը գործում է իրական աշխարհում։
2025 թվականին իմ միջազգային երկկողմ պաշտոնական հանդիպումների աշխարհագրությունն աներեւակայելի է։ ԱՄՆ նախագահ, Ռուսաստանի նախագահ, Չինաստանի նախագահ, Ֆրանսիայի նախագահ, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ, Թուրքիայի նախագահ, Ղազախստանի նախագահ, Արաբական միացյալ էմիրությունների նախագահ, Ադրբեջանի նախագահ, Տաջիկստանի նախագահ, Հռոմի պապ, Եվրոպական խորհրդի նախագահ, Եվրոպական հանձնաժողովի նախագահ, Գերմանիայի կանցլեր, Ճապոնիայի վարչապետ, Բելգիայի վարչապետ, Վրաստանի վարչապետ, Էստոնիայի վարչապետ, Ալբանիայի վարչապետ։ Այս բոլոր հանդիպումներում մենք մի նպատակ ենք հետապնդել՝ Հայաստանը դիրքավորել որպես լիարժեք անկախ և ինքնիշխան պետություն, որ խնամակալության կարիք չունի։
Դարակազմիկ փոփոխություններ են տեղի ունենում մեր տարածաշրջանում․ անկախությունից ի վեր առաջին անգամ Ադրբեջանի տարածքով գնացքները բեռներ են բերում Հայաստանի Հանրապետություն, Ադրբեջանի հետ երկկողմ առևտրի առաջին նշաններն են ի հայտ գալիս։ Սա գրվող պատմություն է մի նոր և սա խաղաղության պատմություն է։
Այդ պատմության առաջին արարի կուլմինացիան՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն էր։ 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Սպիտակ տանը հրավիրված գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահի հետ Հռչակագիր ընդունեցինք, որը որպես վկա ստորագրեց նաև նախագահ Թրամփը։ Մեր ներկայությամբ երկու երկրների Արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին» համաձայնագիրը, որի տեքստի համաձայնեցման մասին մենք և պաշտոնական Բաքուն հայտարարել էինք դեռ 2025 թվականի մարտին։ Սա Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ ձևաչափում ստորագրված և վավերացված առաջին փաստաթուղթն է, որն իրականում խաղաղության անկյունաքարն է։ Այդ փաստաթղթում 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրն ամրագրվում է որպես երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման բազային սկզբունք։ Սա է իրական։














