Իշխան Սաղաթելյանի ընտանիքի գույքի բռնագանձման վերաբերյալ հայտարարություն

Իմ հանրային կյանքի ընթացքում առաջին անգամ եմ ստիպված լինում անդրադառնալ իմ ընտանիքի անդամների և մեր կողմից ստեղծված գույքի հարցին։

Այսօր ես ստացել եմ ծանուցում՝ իմ, իմ ընտանիքի անդամների և մեր հարազատների կողմից սեփականության իրավունքով ձեռք բերված մի շարք գույքերի բռնագանձման, որը, փաստորեն, խլման վարույթ է, սկսելու մասին։

Սա ոչ թե պարզապես ինձ վերաբերող հարց է, այլ իմ ընտանիքի տարիների քրտնաջան աշխատանքի, ստեղծված արժեքի և պետությանը վճարված հարկերի վրա ուղղված հարձակում է։

Պետք է նշեմ, որ դատախազության կողմից «ապօրինի գույք» որակված ամեն ինչի ետևում կան միայն մեր ընտանիքի անդամների՝ տարիների ընթացքում իրենց աշխատանքի արդյունքում ստեղծված օրինական սեփականություն։ Այս գործողությունը, որը հանրությանը մի ցանկ ներկայացնելու և հեթական շոու բեմադրելու նպատակով է իրականացվում, ցույց է տալիս իմ հասցեին ուղղված վրեժխնդրության և փոքրոգիության հերթական դրսևորումը։

Ես մտահոգվելու որևէ պատճառ չունեմ։ Իմ և իմ ընտանիքի անդամների ունեցվածքի յուրաքանչյուր կտորի ետևում կան մեր անձնական, օրինական և հաշվետվողական աշխատանքի հստակ ապացույցներ։ Իրականում, իմ հարցերով պետք է զբաղվեն այն մարդիկ, որոնց աշխատանքը և գործողությունները պահանջում են մանրակրկիտ ստուգություն։

Ես, ի տարբերություն շատերի, իմ ընտանիքի կատարած աշխատանքը, ստեղծած աշխատատեղերը և պետությանը վճարած հարկերը հանրայնորեն երբեք չեմ քննարկել։ Սակայն ստեղծված այս անարդար իրավիճակը լավագույն առիթն է դարձել մանրամասն փաստերով հանրությանը ներկայացնելու մեր ընտանիքի տարիների վաստակը։ Ես անպայման կկատարեմ այդ քայլը՝ թույլ չտալու, որ մեր անունը և մեր աշխատանքը արատավորվեն։