Վերջապես ժամանակ եղավ և աչքի անցկացրի «Իմ քայլը» հիմնադրամի և իմ գործունեության վերաբերյալ մեդիամոնիթորինգը։ Իսկ ինչ զարմանք։ Պարզվում է՝ իմ և «88» սուպերմարկետների ցանցի կապի մասին թեման փակվելուց հետո հիմա էլ «Red Store» խանութների ցանցի շուրջ է սկանդալ ծագել։ Եվ ո՞վ է այն իդելական անձը, ում անվան շուրջ պետք է պտտվի այդ սկանդալը, իհա՜րկե՝ «Աննա Հակոբյանը»։
Պատճառը պարզ է։ Այս խանութի սեփականատերը, «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում, բանախոսել է «Իմ քայլը» հիմնադրամի այն շահառուների համար, ովքեր առաջին քայլերն են անում բիզնեսի ոլորտում։ Բանախոսության ընթացքում նա շատ ոգևորությամբ խոսեց հետհեղափոխական Հայաստանում սեփական արդար քրտինքով բիզնես վարելու և եկամուտը մի քանի անգամ մեծացնելու հնարավորությունների մասին։
Բայց այստեղ էլ է խնդիրը։ Պարզվում է, որ այս երիտասարդը նույնպես տառապում է «մի բան ասել, մեկ այլ բան անել» ախտով։ 2024 թվականից նա խնդիրներ ունի օրենքի հետ, քանի որ թաքցրել է իր տնտեսական գործունեության իրական ծավալները։
Այս իրադարձությունների շարքը, որը ներառում է Կառավարության հայտնի նիստը, խանութների փակումը և հետո բացումը, հերթական անգամ ցույց տվեց, թե ինչպես է իմ անունը և «Իմ քայլը» հիմնադրամը դառնում են այնպիսի անձանց կողմից ստեղծված սկանդալների թիրախ, ովքեր ինքնին խնդիրներ ունեն օրենքի հետ։
Այս առիթով ուզում եմ մեկընդմիշտ տեղեկացնել, որ մենք չենք տիրապետում գործիքների, որոնցով կկարողանանք ստուգել՝ արդյո՞ք տվյալ բիզնեսը խնդիրներ ունի օրենքի հետ, թե՞ ոչ։ Մենք միայն ընդունում ենք նվիրատվություններ։ (Նույն տրամաբանությամբ, կարծում եմ, վարչապետի աշխատակազմը նույնիսկ գնումներից առաջ հետաքննություն չի անցկացնում այս խանութի՝ օրենքի հետ ունեցած հարաբերությունների վերաբերյալ)։
Հետհեղափոխական Հայաստանում ազնվությունը դեռևս նորաձև չէ և ոչ էլ` վարակիչ, և առավել ևս, կյանքի ու աշխատանքի ոճ չէ։ Եվ այնումանենայնիվ, դիմում եմ Հայաստանի այն գործարարներին, ովքեր անազնիվ են աշխատում և խնդիրներ ունեն օրենքի հետ. հեռու մնացե՛ք «Իմ քայլը» հիմնադրամից, նվիրատվություն մի՛ փոխանցեք մեր ծրագրերին։
Եթե նույնիսկ ինձնից նման խնդրանք ստանաք, հիշե՛ք, որ ես չգիտեմ, որ դուք անազնիվ եք աշխատում, չեմ կարող կանխատեսել՝ ինչ թարմ «թակարդ» եք լարել իմ շուրջ նոր սկանդալ պայթեցնելու համար։ Իսկ դուք գիտեք, որ օրենքի հետ խնդիր ունեք, անբարեխիղճ և անազնիվ եք, ուստի լավություն արե՛ք՝ մերժե՛ք մեզ։
«Իմ քայլը» հիմնադրամի սիրելի՛ շահառուներ, որ մեր աջակցությամբ առաջին քայլերն եք կատարում բիզնեսի դաշտում, սա բանախոսություն չէ, և ես էլ, առավել ևս, բանախոս չեմ, բայց մի բան հստակ գիտեմ՝ բիզնեսում էլ, ինչպես որ կյանքում, ամենաբարձր գին ունեցող բաժնետոմսը ազնվությունն է։ Ազնվությունն է, որ ձեզ կբերի հաղթանակներ, և հակառակը՝ անազնվությունն է, որ ձեզ կտապալի, անխուսափելիորեն կտապալի օրերից մի օր։














