Թուրքական կողմը սկսել է Ալիջանի սահմանային անցակետի տեխնիկական ուսումնասիրությունները

Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի շրջանակում արագացել են սահմանային անցակետերի բացման աշխատանքները։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ նշելով, որ Ալիջանի սահմանային անցակետում, որը երկու երկրների միջև կարևոր անցումային կետերից է, արդեն սկսվել են տեխնիկական ուսումնասիրություններ և նախապատրաստական միջոցառումներ։

Այս քայլը տեղի է ունենում 44-օրյա պատերազմից հետո խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, որը նպաստել է տարածաշրջանային կարգավորման գործընթացի արագացմանը։ Առաջին գործնական քայլերից մեկը դարձավ Ադրբեջանի կողմից Հայաստան վառելիքի մատակարարումը՝ որպես առաջին առևտրային նախաձեռնություն։

Ալիջանի անցակետի բացման նպատակը սկզբնական փուլում բեռնափոխադրումների կազմակերպումն է՝ Մարգարայի կամրջի միջոցով։ Պլանավորվում է հետագայում անցակետը բացել նաև ուղևորափոխադրումների համար։

Ծրագրի իրականացման շրջանակում նախատեսվում է Ալիջանի ճանապարհի լրացուցիչ շինարարություն՝ այն միացնելով Քարաքոյունլու շրջանի խաչմերուկին և «Զանգեզուրի ճանապարհին»։ Սա կբարելավի կապը Իգդիրի ուղղությամբ և կբարձրացնի տարածաշրջանային առևտրի և լոգիստիկ հնարավորությունները։

Այս աշխատանքները տեղում ուսումնասիրելու համար Ալիջանի անցակետ է այցելել Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանը՝ իր հետ մի խումբ պետական կառույցների ներկայացուցիչների, այդ թվում՝ Միգրացիոն ծառայության ղեկավար Հուսեյն Քյոքրը և Թուրքիայի Պաշտպանության նախարարության լոգիստիկայի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար գեներալ-մայոր Ահմեթ Համդի Աթաչը։ Կողմերը քննարկել են տեխնիկական ենթակառուցվածքների բարելավման, գործող չափորոշիչների բարձրացման և լոգիստիկ կարողությունների ամրապնդման հարցերը։