ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորած միջազգային մարմնի՝ «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ամբողջական տեքստը հրապարակվել է։
Կանոնադրությունը կցվել է տասնյակ համաշխարհային առաջնորդներին ուղարկված հրավերներին, որոնց առաջարկվել է միանալ պատերազմից հետո Գազայի կառավարումը վերահսկող «Խաղաղության խորհրդին», որը նախագահելու է Թրամփը։
Կանոնադրության մեջ Գազան մասնավորապես չի հիշատակվում, ինչը հաստատում է, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ «Խաղաղության խորհուրդն» օգնի նաև աշխարհի այլ հակամարտությունների լուծմանը։
Կանոնադրության մեջ նշվում է, որ երկարատև խաղաղությունը պահանջում է պրագմատիկ դատողություն, ողջամիտ լուծումներ և քաջություն՝ հեռանալու այնպիսի մոտեցումներից և կառույցներից, որոնք չափազանց հաճախ են ձախողվել։
Նշվում է, որ միայն կայուն, արդյունքների վրա կենտրոնացած գործընկերությունը կարող է ապահովել խաղաղություն այն վայրերում, որտեղ այն չափազանց երկար ժամանակ անհասանելի է եղել։
«Խաղաղության խորհուրդը միջազգային կազմակերպություն է, որը ձգտում է խթանել կայունությունը, վերականգնել հուսալի և օրինական կառավարումը և ապահովել երկարատև խաղաղություն հակամարտությունից տուժած կամ սպառնալիքի տակ գտնվող տարածքներում», – ասված է կանոնադրության մեջ։
Բացի այդ, նշվում է, որ «Խաղաղության խորհրդում» անդամակցությունը սահմանափակվում է խորհրդի նախագահի կողմից մասնակցելու հրավիրված պետություններով և սկսվում է այն պահից, երբ պետությունը տալիս է իր համաձայնությունը հետևել այս կանոնադրությանը։
«Յուրաքանչյուր անդամ պետություն կծառայի ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով՝ սույն Կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո, որը կարող է երկարաձգվել Նախագահի կողմից։ Երեք տարվա անդամակցության ժամկետը չի տարածվում այն անդամ պետությունների վրա, որոնք Կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո»։














