ՀՀ Ազգային Ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 17-ին երկրորդ ընթերցմամբ քննարկեց Կառավարության կողմից ներկայացված օրենսդրական փաթեթը։
Փաթեթի հիմնական նպատակն է վերացնել «Կրիպտոակտիվների մասին» օրենքի կիրառման ընթացքում բացահայտված բովանդակային և տեխնիկական խնդիրները։
Առաջարկվում է թույլ տալ անցումային ժամանակահատվածում կրիպտոակտիվներով կանխիկ գործարքների կատարումը։ Այս գործարքները կարող են իրականացվել այն պայմանով, որ դրանց գումարը չի գերազանցում 300.000 ՀՀ դրամը։ Անկախ գործարքի գումարից՝ ծառայություններ մատուցող անձը պարտավոր է իրականացնել հաճախորդի պատշաճ նույնականացում և վարել նշված գործարքների վերաբերյալ համապատասխան հաշվառում։
Համաձայն փոփոխությունների՝ Կենտրոնական բանկը պետք է ունենա իրավասություն՝ իրականացնելու վերահսկողություն հաճախորդների նույնականացման և գործարքների վերաբերյալ գրանցումների պահանջների պահպանման նկատմամբ։
Հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը ներկայացրել է մի քանի առաջարկներ, որոնք ընդունվել են օրենքի հեղինակների կողմից։














